Թավշյա հեղափոխություն

Հայաստանի Թավշյա հեղափոխությունը ինչով էր այն տարբեր

Ապրիլի 17-ին Հայաստանի խորհրդարանը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին։ Սարգսյանը փոխել էր երկրի Սահմանադրությունը, որպեսզի իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո շարունակի երկիրը ղեկավարել որպես վարչապետ։ Նա կառավարման կիսանախագահական մոդելը փոխել էր և դարձրել խորհրդարանական, որտեղ վարչապետը լայն լիազորություններ ունի։

 

Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը յուրացնելու դեմ շարժում սկսեց ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա մարտի 31-ին երկշաբաթյա քայլարշավ սկսեց Գյումրիից և ապրիլի 13-ին հասավ Երևան՝ ամբողջ ճանապարհին քաղաքացիներին կոչ անելով թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը յուրացնի պետական իշխանությունը։ Նրա կարգախոսն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։

Ապրիլի 17-ին՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության օրը, Նիկոլ Փաշինյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ սկսում է Թավշյա՝ ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։

Ընդամենը մեկ շաբաթ անց՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը համաժողովրդական հուժկու շարժման արդյունքում հրաժարական տվեց։

Ինչպիսին էր Հայաստանի Թավշյա հեղափոխությունը

  • Այն ոչ բռնի էր։ Շարժման առաջնորդները քաղաքացիներին կոչ էին անում անգամ իրենց նկատմամբ բռնության դեպքում բռնությամբ չպատասխանել։ Բռնության բացակայությունը, չնայած առանձին դեպքերին, ոստիկանությանը զերծ էր պահում ուժի դիմելուց։
  • Քաղաքացիներն իրենց բողոքը միայն հանրահավաքում չէին արտահայտում, այլ առավելապես դիմում էին զանազան ակցիաների, որոնցից էին, օրինակ, մեքենաների համատարած ձայնային ազդանշանները, հրապարակում սինխրոն ծափերը, շերեփներով ակցիան, ինչպես նաև դասադուլները, գործադուլները։ Հանրապետության հրապարակը դարձել էր օրվա ընթացքում բողոքի տարբեր գործողությունների ամփոփման և ժողովրդի ուժի ցուցադրման վայր։
  • Հայաստանի Թավշյա հեղափոխության ամենամեծ առանձնահատկությունը դրա ապակենտրոնացված բնույթն էր, երբ միաժամանակ ամբողջ հանրապետությունով մեկ սկսվում էին անհնազանդության գործողություններ, փակվում էին ճանապարհները, փողոցները, մետրոն, երկաթուղին և այլն։

Ինչով էր տարբեր Հայաստանի հեղափոխությունը Ուկրաինայի և Վրաստանի հեղափոխություններից

  • Վրաստանում 2003թ․ Վարդերի հեղափոխությունը և Ուկրաինայում 2004-2005 թթ․Նարնջագույն հեղափոխությունը ունեին աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Այդ հեղափոխություններում հստակ ուրվագծվում էր երկրի արտաքին կողմնորոշման ուղղությունը դեպի Արևմուտք՝ ի հակադրություն Ռուսաստանի։ Այս հանգամանքը երկու դեպքում էլ հանգեցրեց Ռուսաստանի խիստ հակազդեցությանը։
  • Ուկրաինայում և Վրաստանում հեղափոխությունների առաջնորդները, որոնք դարձան երկրի նախագահ, նախկինում եղել էին այդ երկրների քաղաքական էլիտայի մաս։ Ուկրաինայի նախագահ դարձած Վիկտոր Յուշչենկոն 1999-2001 թթ․եղել է այդ երկրի վարչապետը, իսկ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի կառավարությունում զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը։
  • Հայաստանի Թավշյա հեղափոխության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Սաակաշվիլիի և Յուշչենկոյի, երբևէ քաղաքական էլիտայի մաս չէր կազմել։ Ընդհակառակը, նա իր գիտակից կյանքում եղել է ընդդիմադիր՝ որպես ուսանող, ապա որպես լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ, մի քանի անգամ հայտնվել է դատական գործընթացներում և անգամ բանտում։
  • Հայաստանում իրականացված Թավշյա հեղափոխությունը չուներ աշխարհաքաղաքական կոնտեքստ։ Այդ հանգամանքը անընդհատ շեշտում էր Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում հեղափոխությունը շարունակաբար կեղծված ընտրությունների, մարդու իրավունքների խախտումների, տնտեսական անհավասարությունների, խտրական արդարադատության, արտագաղթի և իշխանության յուրացման դեմ ժողովրդի բնական ընդվզումն էր։ Հեղափոխության միակ աղբյուրը հանրության դժգոհությունն էր։ Ռուսաստանը, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, չհանդիմանեց Հայաստանի հեղափոխությանը, իսկ Արևմուտքը՝ Եվրոպական Միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, ողջունեցին ժողովրդավարական գործընթացը և անցնցում իշխանությունը Հայաստանում։

Թավշյա հեղափոխությունների օրինակներ

Առաջին հեղափոխությունը, որ կոչվել է թավշյա, տեղի է ունեցել Չեխոսլովակիայում 1989-ին, երբ հին՝ կոմունիստական ղեկավարությանը փոխարինեցին ժողովրդավար ուժերը։ Այդ հեղափոխությունն ընթանում էր ամբողջ Արևելյան Եվրոպայի երկրներում Խորհրդային Միության տիրապետությունից ազատվելու շարժմանը զուգընթաց։ Չեխոսլովակիայում ցույցերի շարժիչ ուժն ուսանողներն էին՝ լայն հանրության մասնակցությամբ։  Հեղափոխության արդյունքում Չեխոսլովակիայում տապալվեց միակուսակցական կոմունիստական իշխանությունը։ Թավշյա հեղափոխության առաջնորդը Վացլավ Հավելն էր, որը դարձավ երկրի նախագահ, և որի օրոք խաղաղ ճանապարհով Չեխոսլովակիան բաժանվեց երկու պետության՝ Չեխիայի և Սլովակիայի։

Մահաթմա Գանդին է համարվում խաղաղ անհնազանդության պայքարի հայրը։ Նա հանդես էր գալիս Հնդկաստանում բրիտանական տիրապետության դեմ և երկրի անկախության համար։ Գանդին ու նրա կողմնակիցները ոչ բռնի, քաղաքացիական անհնազանդության գործողություններ էին անում ամբողջ Հնդկաստանում։

20 տարեկանը չլրացած նա գնում է Լոնդոն իրավաբանություն ուսանելու։ Ուսումն ավարտելուց հետո 1893-ին աշխատանքի է անցնում Հարավային Աֆրիկայում և սկսում աջակցել այնտեղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Գանդին վերադառնում է հայրենիք 1915-ին, որտեղ յոթ տարի անցկացնում է բանտում։ Ի վերջո նրա պայքարը պսակվում է հաջողությամբ, 1945-ին Հնդկաստանը անկախանում է։

Հնդկաստանում հոկտեմբերի 2-ը նշում են որպես Գանդիի ազգային տոն, իսկ աշխարհում՝ Ոչ բռնության միջազգային օր։

Ահա Մահաթմա Գանդիի ամենանշանավոր խոսքը, որ դարձել է թևավոր արտահայտություն․

«Սկզբում նրանք քեզ կարհամարհեն, հետո կծաղրեն, հետո կպայքարեն քո դեմ, իսկ վերջում դու կհաղթես»։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑