Հինգ կարճ օր Մոլդովայում ու երկար հիշողություններ

received_409616293009610.jpegՈւղեբեռը հավաքելուց հետո մինչև կեսգիշեր երկար մտածում էի կարևոր բան չմոռանալու մասին։ Գիշերը շատ կարճ տևեց, և արդեն ժամանակն էր մեկնել օդանավակայան, որտեղ խմբին հանդիպեցի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին։

Օդանավակայանում ուղեբեռը հանձնելիս պարզվեց, որ մոտս եղբորս անձնագիրն է, ոչ թե իմ։ Մենք այնքան նման ենք իրար, որ մայրիկս շփոթել էր անձնագրերը։ Եվ․․․ հայրիկս ստիպված էր օդանավի արագությամբ գնալ և տանից բերել իմ անձնագիրը։

Ծնողներիս հրաժեշտ տալուց և ստուգումները անցնելուց հետո՝ մտանք ինքնաթիռ։ Ամբողջ ճանապարհին արթուն էինք։ Հուզմունքից չէինք քնում։ Երեք ժամ անց արդեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում էինք, որտեղ պետք է սպասեինք վեց ժամ։ Առաջինը մերոնց հայտնեցի, որ ժամանել ենք։ Ժամանակը շատ դանդաղ էր անցնում, պարապությունից շարունակ նույն խանութներն էինք գնում։ Հասցրեցինք մի քիչ քնել, ու արդեն պատրաստ էինք մեկնել երկար սպասված Մոլդովա։

Քիշնևի օդանավակայանում մեզ դիմավորեցին դանիացի ընկերները և մոլդովացի Ալեքսանդրան։ Ծանոթանալուց հետո շարժվեցինք հյուրանոց, որը Վադուլ լույ Վոդա քաղաքում էր։ Այնտեղ մեզ սպասվում էր հինգ անմոռանալի օր։

Հյուրանոցում բոլորիս ցույց տվեցին մեր սենյակները։ Մի փոքր ուշ մեզ միացան ուկրաինացի և վրացի հասակակիցները։ Ինձ սենյակակից դարձավ ուկրաինացի Բոգդանը (Երևանում ուկրաինական «Բոգդան» ավտոբուսներ կան:) )։ Անմիջապես ընկերացանք։ Արդեն բավական ուշ էր, ուժասպառ էինք։ Երբ հասանք սենյակ, չեմ էլ հիշում, ինչպես անջատված քնեցինք։

Ճամբարում՝ խաղալով ու սովորելով

Ճամբարի առաջին օրը սկսեցինք նախաճաշով։ Հետո հավաքվեցինք ֆուտբոլի դաշտում, որտեղ բոլորիս բաժանեցին մեկական թուղթ, որի վրա գրում էինք մեր անունը։ Այնուհետև մոտենալով տարբեր մարդկանց՝ հարցնում էինք նրանց նախասիրությունների մասին և խաչբառի տեսքով ավելացնում նրանց անունները։ Երբ այլևս ավելացնելու անուն չկար, շրջան կազմեցինք և պատմեցինք այն մարդկանց մասին, որոնց մոտեցել էինք։ Այդպես մենք ծանոթացանք իրար հետ և, գտնելով ընդհանրություններ, դարձանք մտերիմ։ Մի շարք այդպիսի խաղերից հետո գնացինք ճաշելու, այնուհետև հավաքվեցինք համաժողովների դահլիճում։

Պատրաստ էինք կատարել հաջորդ վարժությունը։ Մեզ բաժանեցին վեց խմբի, յուրաքանչյուրում՝ չորս մարդ, բոլորը՝ տարբեր ազգությունների։ Պրոյեկտորով պատին ցուցադրվում էին ֆիլմերի նկարներ։ Ժեստերի օգնությամբ պետք է բացատրեինք, թե որ ֆիլմն է ներկայացված։ Խաղը տևեց կարճ, որից հետո մենք էինք որոշելու՝ ինչ անել։ Ֆիլմերը, որ ներկայացվում էին, բոլորիս էլ ծանոթ էին։

Հաջորդ օրերն ավելի ջերմ էին։ Արդեն բոլորս իրար ավելի լավ էինք ճանաչում, խաղում ու  կատակում էինք։

Ինձ հատկապես տպավորեց «Փորձիր անցնել գետը» խաղը։ Այն մեզ բոլորիս ավելի մտերմացրեց։ Խաղը պարզ էր: Իմաստն այն էր, որ իրար օգնելով անցնենք երևակայական գետը։ Թեև չհաջողվեց այն ամբողջությամբ անցնել օրվա խիտ գրաֆիկի պատճառով, առաջընթաց անընդհատ կար։ Համոզված եմ՝ ևս մի քանի փորձ, ու մենք կհասնեինք մեր նպատակին։ Խաղի նպատակն այն էր, որ դժվարությունները հաղթահարելով հասկանանք, որ իրար օգնելով է հնարավոր կյանքում անցնել երևակայան և ոչ երևակայական գետերը։

Խաղերից բացի հետաքրքիր էին իհարկե տարբեր քննարկումները, որոնց ընթացքում խոսում էինք մեր օրերի կարևոր թեմաների, այդ թվում՝ խաղաղության, հանդուրժողականության, հավասարության և այլնի մասին։ Պատրաստեցինք տարբեր պրեզենտացիաներ։ Պատահում էր, որ արժանանում էինք քննադատությունների, բայց քննադատությունը օգնում էր խնդիրն ավելի լավ հասկանալ: Ճամբարի ընթացքում չէի վախենում արտահայտել կարծիքս, քանի որ շրջապատված էի ջերմ և բարի մարդկանցով։

received_706746633081717.jpeg

Մոլդովայում անցկացրած մի քանի օրերն անմոռանալի էին ինձ համար։ Այնքան մտերմացել էի օտարերկրյա հասակակիցներիս հետ, որ արդեն չէի նկատում, որ մայրենի լեզվով չեմ շփվում նրանց հետ։

Հուսով եմ՝ էլի առիթ կունենամ իմ նոր ընկերներին տեսնելու։ Կուզեի, որ այս անգամ էլ նրանք գան Հայաստան ու մեր երկիրն ավելի լավ ճանաչեն։

Ծանոթանում ենք Քիշնևին

Ամենօրյա նախաճաշից հետո ունեցանք մի յուրօրինակ դասընթաց սեռերի անհավասարության մասին, որը սկզբում մեկնաբանվեց տղաների առավելությամբ, իսկ փոքր-ինչ անց պարզվեց հակառակը։ Էմոցիանիերով լի, մենք շարժվեցինք դեպի Մոլդովայի մայրաքաղաք` Քիշնև, բաժանվեցինք խմբերի և սկսեցինք ծանոթանալ քաղաքի հետ: Բազում արկածներից հետո, մեր առաջադրանքը կատարված էր։ Այնուհետև ընթրիքից հետո վերադարձանք հյուրանոց և պատրաստեցինք վերջին օրվա համար նախատեսված նամակները, որից հետո միացանք բոլորին և շարունակեցինք անցկացնել ուրախ ժամանակ։

Blog at WordPress.com.

Up ↑